Հայաստանին եւ Ֆրանսիային միավորում են հատուկ բարձր հարաբերությունները եւ անկեղծ բարեկամական կապերը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Ֆրանսիացի դիվանագետն արձանագրել է, որ տարվա սկզբից հայ-ֆրանսիական հարաբերություններում երեք կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Առաջինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն էր Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Երկրորդը մայիսին Երեւանում Բոլոնյան գործընթացին նվիրված մեծ համաժողովի անցկացումն էր, որի ժամանակ համաժողովի նախագահությունը փոխանցվեց Ֆրանսիային:

Երրորդ իրադարձությունը հուլիսի 3-4-ին ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանի այցն էր Ֆրանսիա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետի, ԱԺ նախագահի եւ Փարիզի քաղաքապետի հետ:

Դեսպանի խոսքով, Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների օրակարգը հագեցած է: Մինչեւ տարեվերջ սպասվում են երկու մեծ իրադարձություններ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների նախարարների համաժողովը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի կեսերի Երեւանում, եւ երկրորդը՝ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, որը կայանալու է նոյեմբերի կեսերին՝  Փարիզում: