Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին Գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայով կպահանջի քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողներին ասացին նախաձեռնության անդամները:
«Շատ լավ է, որ լրագրողի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել, բայց դա բավական չէ: 237 անձի տարել են բաժին, բոլորի հանդեպ բռնություն է եղել, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Եթե ոստիկանությունը ամեն ակցիայի ժամանակ ուժ կիրառի ու չպատժվի, ամեն հաջորդ անգամ իրենք ավելի լկտի ու սանձարձակ են լինելու»,- ասաց նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը՝ նշելով, որ առաջիկա ակցիան մեծ կարեւորություն ունի իրենց ամբողջ պայքարի համար:
Նախաձեռնության անդամները դեպի դատախազության շենք կշարժվեն երթով Մոսկվա կինոթատրոնի տարածքից ժամը 18:00-ին:
Նախաձեռնության անդամները հիշեցրին, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով եւ պատժել հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար: Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:




























