«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվելիք միջազգային աուդիտին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակցությունը կախված է նրանցից, թե աուդիտը ինչ տեսակի կլինի: Նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասացին, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ աուդիտը լինելու է ֆինանսական, թե տեխնիկական:
«Աուդիտ անցկացնելու առաջադրանքը միայն Սերժ Սարգսյանի ելույթում երեւաց: Հետագա քայլերը որպես այդպիսին չգիտենք մինչեւ օրս, թե երբ է լինելու, ինչպիսի աուդիտ է լինելու, ամեն ինչ լղոզված է: Ֆինանսական աուդիտ ամեն տարի անցկացվում է, եթե կրկին ֆինանսական է անցկացվելու, մեզ ի՞նչ ՀԷՑ-ի ծախսերը»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ իրենք պատրաստվում են նամակ ուղարկել Կառավարությանը՝ պարզելու աուդիտի տեսակը: Նրանց խոսքով՝ իրենց նախաձեռնությամբ ձեւավորված մասնագիտական խումբը ուսումնասիրություններ է անցկացնում էներգետիկ ոլորտում:
Նախաձեռնությունը նաեւ նամակ է ուղարկել ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ պարզելու, թե մինչեւ աուդիտի ավարտը կառավարությունն ինչ միջոցներից է փոխհատուցվելու ավելացված 6,93 դրամը, նամակի պատասխանը դեռ չի ստացել:
Հիշեցնենք, որ հունիսի 27–ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մինչեւ ՀԷՑ–ի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը ստուգող` միջազգային աուդիտի եզրակացության կազմումը՝ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։
Եթե աուդիտի արդյունքում հաստատվի թանկացման հիմնավորվածությունը, այդ պահից սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով, եթե այն անհիմն ճանաչվի, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու եւ թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:
Նախագահի հայտարարությունից հետո Բաղրամյան պողոտայում ցույցերը շարունակվեցին մինչեւ հուլիսի 6-ը, երբ ոստիկանությունը բացեց պողոտան՝ բերման ենթարկելով ավելի քան 40 ակտիվիստի:



























