Բավական է գեղեցիկ ու դատարկ պատմություններ պատմել Հայաստանում այլընտրանքային էներգիայի մեծ ապագայի մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, էներգիայի միայն երեք հուսալի աղբյուր կա՝ ատոմային, հիդրո եւ ջերմային, մնացածը կարող են եւ պետք է գոյություն ունենան ու զարգանան, բայց էներգետիկ հաշվեկշռում լուրջ բաժին չունեն:
«Ես առիթ եմ ունեցել լինել Ենիսեյում եւ տեսնել Կրասնոյարսկի ՀԷԿ-ը: Այնտեղ յուրաքանչյուր տուրբին իր հզորությամբ մեր ԱԷԿ-ից մեծ է, բայց Ենիսեյ մենք չունենք: Արեւ ունենք, ոչ ոք չի վիճում, իսկ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում արեւ չկա՞: Սորբոնում կամ Հարվարդում չգիտե՞ն, ինչպես օգտագործել արեւային էներգիան, եւ աշխարհին այդ մասին առաջինը մե՞նք ենք պատմելու: Սա վնասակար մոտեցում է, որը շեղում է մեր էներգետիկայի հիմնական հզորությունների մասին մտահոգվելու անհրաժեշտությունից»,-նշել է Պողոսյանը:


























