Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է  Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի հետ։

Հասմիկ Պողոսյանը կարեւորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015 զարգացման օրակարգում» միջազգային համաժողովին Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի մասնակցությունը եւ ելույթը «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման եւ հոգեւոր հաղորդակցման գործոն» կլոր սեղանի շրջանակում:

ՀՀ մշակույթի նախարարն Իրաքի  իր գործընկերոջն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Իրաքում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով եւ շեշտել, որ ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսացել նման վայրագությունների համար:

Միեւնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների հետեւանքով մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով:

«Հայաստանը խստագույնս հետեւում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային արժեքների ապօրինի տեղաշարժման կոնվենցիայի դրույթների կատարմանը։ Մենք հետեւողական կլինենք եւ մեկ անգամ եւս մեր ենթակառուցվածքներին կզգուշացնենք, որպեսզի ուշադիր լինեն մշակութային արժեքների ներմուծումն ու արտահանումը կանխելու համար»,- նշել է ՀՀ մշակույթի նախարարը։

Զրույցի ընթացքում Իրաքի մշակույթի նախարարն անհանգստություն է հայտնել Իրաքում պատերազմական գործողությունների եւ ազգամիջյան հակամարտությունների պատճառով մշակութային արժեքները վտանգելու եւ  ոչնչացնելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը կիսում է Իրաքի մտահոգությունը, քանի որ մեր երկիրը եւս ունի հակամարտություններ եւ փակ սահմաններ հարեւան պետություններից երկուսի հետ։

ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո երկու երկրները քայլեր են ձեռնարկել տարբեր` այդ թվում նաեւ մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Երկու երկրների  բարեկամական հարաբերությունները պահպանելու գործում էական դեր է ունեցել Իրաքի ոչ մեծաթիվ  հայ համայնքը, որն իր ներդրումն ունի Իրաքի քաղաքական, հասարակական, մշակույթի կյանքում:

Զրույցի ընթացքում Ֆարյադ Ռավանդուզին նշել է, որ Իրաքի հայերը լիարժեք կյանքով են ապրում, բայց ազգային մշակույթի հետ ավելի հաճախակի շփման պահանջ ունեն։ Հասմիկ Պողոսյանն արձագանքել է, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ մշակութային նախաձեռնություններով, միայն թե պետք է հստակեցնել տեղի հայ համայնքի մշակութային ծրագրերի նախընտրությունը։

ՀՀ մշակույթի նախարարն ափսոսանք է հայտնել, որ այլեւս հնարավոր չէ մասնակցել Իրաքի «Բաբելոնյան» աշխարհահռչակ փառատոնին, որին Հայաստանը նախկինում ակտիվ մասնակցություն է ունեցել։

Կողմերը քննարկել են նաեւ մշակութային համագործակցությանն ուղղված փաստաթուղթ ստեղծելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ֆարյադ Ռավանդուզին նվիրել է հայոց այբուբենով նկարազարդված խորհրդանշական հուշանվեր եւ պատմական Հայաստանի մշակութային հուշարձանները ներկայացնող ժողովածու։