Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2011թ. ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատախազն ու իրավահաջորդը վճռաբեկ բողոք են ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց համաներմամբ ազատ արձակված Միքայել Միքայելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Դատախազն ու տուժող կողմը բողոքարկել են Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով առաջին ատյանի կայացրած որոշումը բեկանվել է եւ գործն ուղարկվել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Վճռաբեկ դատարանից դեռ գրություն չենք ստացել՝ բողոքը վարույթ ընդունվել է, թե ոչ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վճռաբեկ բողոքի հետ է կապված առաջին ատյանում դատաքննության չսկսվելը:
Նշենք, որ 2015թ. փետրվարի 5-ին առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել քրեական գործի վարույթը կարճել համաներման մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման համաձայն:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով` ՀՀ ՔՕ 376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը), մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ, գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանին եւ նույն հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին:





























