Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված Գոռ Դարմանյանն ազատվել է զինվորական պարտադիր ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Գոռ Դարմանյանը դուրս է գրվել հոսպիտալից, սակայն շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Բացի դրանից՝ վերականգնողական բուժում է ստացել Կարմիր խաչում եւ այժմ գտնվում է տանը»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ ոտքի վերքերը լիովին ապաքինվելուց հետո այն կպրոթեզավորվի:
Նշենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա էր ոտքի ամպուտացիա:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2015թ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում հայկական կողմը ստիպել է հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել է խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է:





























