Հայաստանում այս տարի հրդեհները շատ են, իսկ պատճառը եղանակային պայմաններն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ  Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյան:

Նա նշեց, որ գարնանը անձրեւներ շատ են եղել, ինչի հետեւանքով խոտածածկ տարածքները շատ բարձրացել են, եւ երբ սկսում է արեւը այրել, չորանում են, առաջանում է հրդեհ: Այս տարի մի քանի անգամ վտանգավորության 1-ին աստիճանի հրդեհներ են արձանագրվել: «Այս տարի շատ են եղել տեղումները, նախորդ տարիներին այդպես չի եղել. խոտը լավ ջրվել է, բոյովացել է,  հիմա չորանում է, դառնում վտանգավոր: Երեւանում մի քանի վտանգավոր տարածք ունենք՝ Հրազդանի կիրճ, Փարոսի անտառ եւ այլն, մարզերում էլ է նույն վիճակը, որտեղ խոտը բարձր է, այնտեղ հրդեհների վտանգ կա, օրինակ՝ Սյունիքում, Արարատում: Հրդեհները առաջանում են նաեւ ապակյա կամ կապրոնի շշերից, որոնց  մեջը ջուր կա, արեւի հետ շփվելով՝ դրանք դառնում են խոշորացույց»,-ասաց Մուշեղ Ղազարյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին լինել առավել ուշադիր, չկեղտոտել շրջակայքը, շշերը չնետել խոտերի մեջ: