Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ դիմավորելով Երեւանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները: Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ վերջին տարիներին կառուցված որոշ շինություններ` իրենց նպատակային նշանակությամբ, հնարավորին ավելի հարմարավետ են դարձրել Մարսելը ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:

Առանձնակի կարեւորելով տեղի հայ համայնքի դերակատարումը Մարսելի զարգացման հարցում՝ Ժան-Կլոդ Գոդենը վստահեցրել է, որ մշտապես արդարացված է եղել քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արեւմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել Եղեռնից մազապուրծ հայերը:

Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վստահության եւ մշտական ուշադրության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ շնորհիվ հայ համայնքի ջանքերի՝ երկու երկրների, նաեւ Երեւանի ու Մարսելի միջեւ առկա բարեկամական ջերմ հարաբերություններն առավել կակտիվանան ու նոր զարգացումներ կարձանագրեն: