«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Կիկեռ» մականվամբ կալանավոր Հրաչյա Գեւորգյանը արդեն 5 օր է՝ հացադուլի մեջ է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Հրաչյա Գեւորգյանի վիճակը բավարար է, գտնվում է «Նուբարաշենի» բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված Հրաչյա Գեւորգյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 3, 4, 7-րդ կետերով (պատանդ վերցնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, ակնհայտ անչափահաս երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 34-139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ), 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 182-րդ հոդվածների 1-ին (շորթում) մասերով:



























