Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կսկսեն մարել այն ժամանակ, երբ նախկին աշխատակիցները ստորագրեն տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Նաիրիտ» ՓԲԸ մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ նաիրիտցիներն, այնուամենայնիվ, կստորագրեն այդ համաձայնագիրը, որից հետ 3 օրվա ընտացքում պարտավոր են սկսել պարտքերի մարումը:
«Մեզ չեն հարցրել՝ դուք համաձայն եք համաձայնագիրը ստորագրել, թե ոչ: Մեզ ասում են՝ կամ տույժ-տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը կստորագրեք ու ձեր աշխատավարձը կստանաք կամ գնացեք, դիմեք դատարան: Ամենայն հավանականությամբ կստորագրենք, որովհետեւ դատարան դիմել նշանակում է եւս 6 ամիս ձգձգել, աշխատավարձ չստանալ: Ստորագրելու դեպքում միայն մայր գումարն ենք ստանալու, իսկ աշխատավարձերի տույժ-տուգանքներից հրաժարվում ենք»,-ասաց մամուլի նախկին քարտուղարը:
Անուշ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի ստորագրման առաջարկով գործարանի ղեկավարությունը փորձում է ժամանակ ձգձգել:
«Տույժ-տուգանքների համար դեռ 6 ամիս առաջ կարող էինք դիմել դատարան: Մենք չենք գնացել, որովհետեւ ակնհայտ էր, որ եթե տույժ-տուգանքներն ավելանան, գործարանի եւ վճարումների համար լուրջ խնդիրներ կառաջանային: Հիմա նորից էդ հիմարությունը մեյդան հանելը նշանակում է ընդամենը ժամանակ ձգձգել. այսպես թե այնպես 2000-ից 1800 հոգին չեն գնալու դատարան, ի՞նչ է նշանակում դա հիմա ստորագրել տալը»,- ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղարը:
Անուշ Հարությունյանը ավելացրեց, որ համաձայնագիրը իրավական ուժ չունի, եւ աշխատավարձի պարտքերի մարումից հետո նաիրիտցիները կարող են դիմել դատարան:
«Երեւի ապահովագրում են, որ աշխատավարձը ստանալուց հետո չգնաս, դիմես, դատարան ու քո տույժ-տուգանքներն ուզես: Դա անիմաստ է, որվհետեւ այդ համաձայնագիրը իրավական ուժ չունի, եւ դա ստորագրելուց հետո էլ կարող ենք դիմել դատարան եւ ասել՝ մեզ ստիպել են ստորագրել, դա իրականում շանտաժ է»,- ասաց նա:
Այժմ համակարգող խմբի անդամները սպասում են համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի համոզվեն, իսկապես, 4 օրվա ընթացքում կսկսեն աշխատավարձերի վճարումները, թե «նորից խաբում են»:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:



























