ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում որոշում է կայացվել կասեցնել 7 բուհերի գործունեությունը: Նման որոշում Հանձնաժողովը կայացրել է օգոստոսի 12-ի իր նիստում: 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ մամուլի ծառայությունից, Հանձնաժողովը, քննարկելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լիցենզավորման վարչության կատարած ստուգման արդյունքները եւ լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները` փակ, գաղտնի քվեարկությամբ որոշել է ամբողջությամբ կասեցնել հետեւյալ 7 բուհերի լիցենզիայի գործողությունը. Արմավիրի «Արարատ» համալսարան, «ԷՅԱՅՅՈՒ» արիա միջազգային համալսարան, «Վանեվան» ինստիտուտ, «Քավենդիշ» համալսարան, Արտաշատի «Արտաշատ» համալսարան, Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ եւ «Մյուդ» իրավաբանական ինստիտուտ:

Հանձնաժողովը որոշել է կասեցնել նաեւ առանձին մասնագիտությունների մասով հետեւյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիայի գործողությունը.

1.Երեւանի «Մենեջմենթի» համալսարան- «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» (բակալավր, մագիստրոս), «Լրագրություն» (բակալավր, մագիստրոս),

2.«Գալիք» համալսարան-«Իրավագիտություն» (հեռակա), «Կառավարում», «Օտար լեզու եւ գրականություն» (առկա, հեռակա),

3.«Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան»-«Իրավագիտություն» (հեռակա), «Կառավարում», «Օտար լեզու եւ գրականություն»,«Մանկավարժություն եւ հոգեբանություն»,

4.«Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան»-«Ֆինանսներ», «Ֆիզկուլտուրա եւ սպորտ», «Մանկավարժություն եւ մեթոդիկա»,

5.Երեւանի «Էկոլոգիայի տնտեսագիտության եւ իրավունքի  հայկական ինստիտուտ»-«Ֆինանսներ»,«Իրավագիտություն»,«Օտար լեզու եւ գրականություն»,

6.«Երեւանի մշակույթի համալսարան»-«Լրագրություն»:

Հանձնաժողովը նախազգուշացրել է Երեւանի Կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին եւ Երեւանի հումանիտար ինստիտուտին` միաժամանակ պարտավորեցնելով վերացնել բացահայտված թերացումները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրականացրած գործընթացների արդյունքում վերջին շրջանում ամբողջությամբ կասեցվել է 8 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիայի գործողություն / 2010 թվականի մարտին կասցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը/, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիայի գործողություն:

ՀՀ ԿԳՆ-ն կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը` նրանց, համաձայն գործող օրենսդրության, հնարավորություն կտրվի կրթությունը շարունակել այլ ուսումնական հաստատություններում` այդ թվում պետական  բուհերում: