Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հանդեպ շարունակում են «դատ» կոչվող ներկայացումը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, վկայակոչելով Kəpəz TV հեռուստաընկերությանը, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 15-ին կայացել է Արսեն Բաղդասարյանի գործով փակ դատական նիստ, որն անփոփոխ է թողել հայ գերւ դատավճիռը։ Ավելի վաղ նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման։
Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։





























