Վիեննայում հավատարմագրված ԵՏՄ դեսպանները համատեղ հոդված են հրապարակել ավստրիական Die Presse պարբերականում։ Ներկայացնում ենք «Եվրասիական ինտեգրացիա. համագործակցության նոր հնարավորություններ» վերտառությամբ հոդվածի տեքստը։
«Եվրասիական ինտեգրացիայի խորացման ու նրա մասնակիցների շրջանակի ընդլայնման հետ մեկտեղ եվրոպական լրատվամիջոցներում այդ թեմայով ավելի ու ավելի շատ են հրապարակումներ հայտնվում։ Հիմնականում դրանք կրում են գործարար շրջանակներում բացվող նոր հնարավորությունների նկատմամբ բարեկամական հետաքրքրասիրության կնիքը։ Որոշ հոդվածներում էլ երեւում է «ԽՍՀՄ նոր տարբերակի» վերականգնման կամ եվրաինտեգրման գործընթացը վտանգի տակ դնելու տագնապը։ Երբեմն եվրասիական եւ եվրոպական ինտեգրացումները անգամ ուղղակիորեն հակասում են իրար։ Այս կապակցությամբ կցանկանայինք փորձել ցրել որոշ դիտորդների թերահավատությունը, իհարկե այն իմաստով, որի մասին ասել է ավստրիացի գրող Մարիա ֆոն Էբներ Էշենբախը, թե «կարելի է հերքել դատողությունը, բայց ոչ նախապաշարմունքը»։ Օբյեկտիվ աշխարհագրական եւ տնտեսական նախադրյալների պատճառով պետությունների տարածաշրջանային միավորումներ ստեղծելը տրամաբանական եւ օրինաչափ երույթ է։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ ինտեգրացիոն գործընթացները զարգանում են բնական հենքի վրա։
Ի լրումն արդեն գոյություն ունեցող համագործակցության ձեւաչափերին եւ կառույցներին՝ 2014թ. մայիսին հիմնվեց Եվրասիական տնտեսական միությունը, որի հիմքում ընկած է անդամ երկրների վստահությունն առ այն, որ տնտեսական աճը հնարավոր է ապահովել ընդհանուր խնդիրների համար համատեղ գործողությունների իրականացման միջոցով։ Դրանք են կայուն տնտեսական զարգացումը, բազմակողմանի մոդերնիզացիան եւ գլոբալ տնտեսության շրջանակներում մրցունակության բարձրացումը։
ԵՏՄ շրջանակներում ընդլայնելով մեր համագործակցությունը՝ մենք հաշվի ենք առնում այլ միությունների փորձը, այդ թվում, բնականաբար, Եվրամիության փորձը։ Դա թույլ է տալիս ապահովել մեր տնտեսական միության հետագա զարգացումը՝ խուսափելով սխալներից, որոնք ի հայտ են գալիս որոշ միջազգային եւ տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների կայացման ժամանակ։
ԵՏՄ ղեկավար մարմիններն են Գերագույն եվրասիական տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը ԵՏՄ միասնական մշտական գործող կարգավորող մարմինն է։ Հանձնաժողովի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ 2014թ. մայիսի 29-ին կնքած ԵՏՄ մասին պայմանագրին համապատասխան՝ ԵՏՀ հիմնական խնդիրը Միության գործունակության եւ զարգացման ապահովումն է եւ Միության շրջանակներում տնտեսական ինտեգրացիայի ոլորտում առաջարկների մշակումը։ Կարեւոր է, որ այնտեղ համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա։ ԵՏՀ-ում որոշում կայացնելու փոխհամաձայնության մեխանիզմը բացառում է որեւէ մի պետության գերիշխանությունը։
ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները թափանցիկ են եւ բաց այլ պետությունների անդամակցության համար։ Մենք հետաքրքրված ենք բազմադարյա հարաբերությունների զարգացմամբ։
Ավելի քան 40 երկիր արդեն հետաքրքրություն են ցուցաբերել ԵՏՄ-ի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցելու հնարավորության հարցում։ Այսպես, որոշում է կայացվել Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական համագործակցության հարցում բանակցություններ սկսելու մասին։ 2015թ. մայիսին ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ համաձայնություն է կնքվել Վիետնամի հետ։ ԵՏՄ նորմերը չեն հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության պարտավորություններին։ Եվրասիական ինտեգրացիան ուղղված է քաղաքացիների բարեկեցության աճին, նրանց միջեւ կապերի պարզեցմանը, բիզնեսի, այդ թվում՝ արտասահմանյան բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելուն։ Մեր երկրները ապահովում են ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների ազատ փոխանակումը, վերացնում են վարչական պատնեշները։
ԵՏՄ անդամ երկրները պաշտպանում են ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության զարգացումը։ Որպես նման համագործակցության հիմնական նպատակներ են դիտարկվում տնտեսական ինտեգրացիայի գործընթացների ներդաշնակեցումն ու համակցումը, փոխադարձ առեւտրի զարգացման աջակցությունը, արտաքին տնտեսական գործունեության թեթեւացումը, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովումը, որն անհրաժեշտ է մարդասիրական կապեր հաստատելու համար։ Մենք շահագրգռված ենք ողջ եվրասիական մայրցամաքում լիամասշտաբ համագործակցության զարգացման մեջ։ Մեր ռազմավարական նպատակն է ներդաշնակեցնել եւ մերձեցնել Ատլանտան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընթացող ինտեգրացիոն գործընթացները։ Ավստրիան ԵՏՄ երկրների համար կարեւոր գործընկեր է։ Մեր տնտեսությունները փոխադարձաբար համալրում են միմյանց եւ փոխադարձաբար անհրաժեշտ են միմյանց։ Հույս ունենք, որ եվրասիական տարածքում հայտարարությունների էության ճիշտ ըմբռնումը կնպաստի Ավստրիայի Հանրապետության հետ փոխշահավետ համագործակցությանը։ Մեր երկրները պատրաստ են դրան։





























