Քաղաքացի Սամվել Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 28-ն աշխատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության պահաբաժնի անտառապահ եւ օժտված լինելով իր վստահությանը հանձնված անտառային ֆոնդի պահպանման, անտառխախտումների հայտնաբերման եւ արձանագրման լիազորություններով, 2014 թվականի մայիս ամսից մինչեւ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, նույն անտառպետության անտառապետ Գիգուշ Դ.-ի կարգադրությամբ թույլատրել է Սամվել Ս.-ին ապօրինի հատել շուրջ 105 հատ տարբեր տեսակի եւ տրամագծերի ծառեր եւ ծառերի փայտանյութը տեղափոխել բեռնատար ավտոմեքենայով:

Միաժամանակ, Սամվել Մ.-ն նշել է, որ հիշյալ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով իր մոտ գտնվող դրոշմակնիքով կնքել է հատված ծառերի կոճղերը, իսկ փայտանյութի յուրաքանչյուր խմբաքանակի սպառման դիմաց անտառապետ Գիգուշ Դ.-ն որպես կաշառք Սամվել Ս.-ից պահանջել եւ ստացել է 260 հազ. ՀՀ դրամ:

Բացի այդ, Սամվել Ս.-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՊՈԱԿ-ի անտառային ֆոնդում բազմաթիվ ծառեր ապօրինի հատելու եւ ծառերի փայտանյութը իրենը դարձնելու համար անտառապետ Գիգուշ Դ.-ի պահանջով 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին վերջինիս տվել է 650 հազ. ՀՀ դրամից 800 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 296-րդ հոդվածների 1-ին մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Սամվել Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Գիգուշ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Սամվել Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետեւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: