Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է հուլիսի 15-ին հրապարակված՝ նոր Սահմանադրության 1-7 գլուխները:

Պարոն Պողոսյան, Սահմանադրության առաջին մասն արդեն հրապարակվել է: Արդյոք սրա՞նք են Սահմանադրության առանցքային գլուխները:

Կարծում եմ՝ հասարակության համար առավել կարեւորն առաջին երեք գլուխներն են, որոնք վերաբերում են քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին: Իհարկե, շատ կարեւոր է նաեւ կառավարման համակարգի մասը, որովհետեւ քաղաքական համակարգից կախված է նաեւ, թե ինչքանով մարդու հիմնական իրավունքները կապահովվեն: Այդ պատճառով առաջին 7 գլուխների մեջ ներառված է նաեւ դատական իշխանությունների մասը:

Սահմանադրության մնացած գլուխները վերաբերելու են առանձին պետական մարմիններին՝ դատախազություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Կենտրոնական բանկ, Վերահսկիչ պալատ: Բացի դրանից՝ լինելու է Հանրաքվեի, սահմանադրական փոփոխությունների առանձին գլուխ, ինչպես նաեւ անցումային եզրափակիչ գլուխ:

Նախնական պլանավորմամբ մինչեւ այս հուլիսի վերջ կհրապարակենք այդ գլուխները, բացի եզրափակիչ գլխից, որը կլինի հետագայում:

Նոր Սահմանադրությամբ մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգ: Դա ինչքանո՞վ կգործի Հայաստանում:

Իսկապես նախագիծը հստակ նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, եւ դա պատահական չէ, քանի որ կառավարման համակարգի փոփոխությունը հիմնավորված էր դեռեւս Սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգում: Մեր գործող կառավարման համակարգն արմատական թերություններ ունի եւ հնարավոր չէ բարելավումներով փոխել: Այդ պատճառով առաջարկվեց այլ համակարգի անցումը: Մասնագիտական հանձնաժողովում բավականին մեծ քննարկումներ են եղել:

Մենք այնպիսի համակարգ ենք առաջարկում, որը պետք է առնի այն մտահոգությունների դեմը, որոնք առկա են հասարակության մեջ:

Պարոն Պողոսյան, որո՞նք են կառավարման խորհրդարանական համակարգի առավելությունները:

Կառավարման խորհրդարանական համակարգն առավել ժողովրդավարական է, քանի որ հիմնական դերակատարումն ունի Ազգային ժողովը, իսկ գործադիր մարմինը պատասխանատու է Ազգային ժողովի առջեւ: Ի տարբերություն կիսանախագահական եւ նախագահական համակարգերի՝ խորհրդարանական համակարգում կառավարությունը պատասխանատու է ԱԺ-ին, որն էլ կարող է փոխել կառավարությանը, որն իր հերթին բերում է կառավարման թափանցիկությանը:  Ընդհանուր արդյունքում քաղաքական համակարգը շատ ավելի արդյունավետ եւ ժողովրդավարական սկզբունքներով է սկսում գործել:

Կարծիք կա, որ կառավարման համակարգը փոխվում է գործող նախագահի վերարտադրության հարցը լուծելու նպատակով:

Գիտեք, այս հարցին բազմիցս պատասխանել եմ, մասնագիտական պարզաբանումները քաղաքականի համար զրոյական արժեք ունի: Պարզապես իմաստալից չեմ համարում նորից այդ հարցին անդրադառնալ:

Լայնորեն քննարկվում է նաեւ այն հարցը, թե ինչ հնարավորություններ կստանան ընդդիմադիր քաղաքական ուժերը խորհրդարանում: Ի՞նչ է նախատեսում նոր Սահմանադրությունը ընդդիմության համար:

Նախորդ Սահմանադրության հետ համեմատած՝ նոր Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված իրավունքներն այնքան են մեծացել, որ աննկարագրելի է: Եթե նայում ենք ժամանակակից պառլամենտարիզմի մակարդակում, այնքան առավելություններ մեկ երկրում մեկ Սահմանադրությունում ամրագրված ընդդիմության համար որեւէ երկիր չունի:

Նախ եւ առաջ, պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի ¼ առկայություն: Հանձնաժողոբվը ստանում է լայն լիազորություն՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ փաստերը պարզելու համար:

Մենք նախատեսել ենք նաեւ օրգանական օրենքների ինստիտուտը, այսինքն այն հիմնարար օրենքների շարքը, որոնք ուղղակիորեն Սահմանադրությունից են բխում, Ազգային ժողովը պետք է ընդունի 3/5 մեծամասնությամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Դատական, Ընտրական, ԱԺ օրենսգրքերին:

Նախատեսել ենք նաեւ, որ Վերահսկիչ պալատի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն անցնելու են 3/5 մեծամասնությամբ:

Նախագծում արդեն կա այն դրույթը, որ ԱԺ տեղեկալներից մեկն առնվազն պետք է լինի պառլամենտական փոքրամասնություններից: Մի խոսքով, պառլամենտական փոքրամասնությունների կտրվածքով Սահմանադրությունը բավարար երաշխիքներ է ստեղծել ընդդիմադիր ուժերի արդյունավետ աշխատանքի համար:

Պարոն Պողոսյան, նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ասել էր, որ հնարավոր է Սահմանադրական փոփոխությունների նախագծում կառավարման համակարգերի երկու տարբերակ:

Նախագահն ասել էր, որ նախագծում հնարավոր է այլընտրանք: Երբ մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպեցին այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն էին հայտնել համագործակցել, պարզ դարձավ, որ նրանք էլ են հակված կառավարման խորհրդարանական համակարգին: Այնպես որ առաջարկված նախագիծը ելնում է միայն կառավարման խորհրդարանական համակարգի կանխադրույթից, եւ չեմ կարծում, որ հետագայում դա փոփոխության կենթարվի:

Ե՞րբ է նախատեսվում հանրաքվեն:

Իմ պատկերացումն այն է, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կներկայացվի: Հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ եթե նախատեսում ենք անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ապա նոր Ընտրական օրենսգիրքը առնվազն մեկ տարի առաջ պետք է ընդունվի: Կարծում եմ՝ հանրաքվեն կամ այս տարի կլինի, կամ հաջորդ տարվա գարնանը: