Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հայտնել է, որ ամուսնանում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հարսանիքը կայանալու է օգոստոսի 1-ին։ Ինքը՝ Պեսկովը, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։

«Միտյայի նման ուրիշ տղամարդ չկա»,- ասել է Նավկան։ Ավելի վաղ գեղասահորդուհին խոստովանել էր, որ ամուսնանում է, սակայն չէր նշել փեսացուի անունը։

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություն տալ առաջիկա կարեւոր իրադարձության  մասին։ «Ես առհասարակ դա չեմ մեկնաբանում, դա ոչ ոքի չի վերաբերում»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Նավկան Tatler ամսագրին տված հարցազրույցում բացել է փակագծերը։ «Ամեն բան շատ զարմանալի ստացվեց։ Մենք չպետք է միասին լինեինք, քանի որ ես հասկանում եմ իրավիճակի բարդությունը։ Ես երկար ժամանակ դիմադրում էի։ Նա երեք երեխա ունի, եւ Պեսկովը սկզբում ինձ առհասարակ դուր էլ չէր գալիս։

Մենք մի երկու անգամ ռեստորան  էինք գնացել, սակայն ես կարծում էի, որ մենք ընկերներ ենք։ Նա գերեց ինձ նրբորեն եւ համառությամբ։ Ինչ-որ կերպ՝ շատ խորամանկորեն, հասավ ինձ։ Մի կողմից, կարծես թե երկրպագում էր, իսկ մյուս կողմից՝ կարծես թե ոչ։ Ես նրան Դմիտրի Սերգեեւիչ էի ասում եւ դիմում «Դուք»-ով։

Նա զանգում էր ինձ, ես հեռախոսը չէի վերցնում, բայց նա միեւնույնն է, գտնում էր ինձ ընկերներիս միջոցով։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ իմ կողքին կարող է նման տղամարդ լինել։ Միասին հարմարավետ է երկուսիս համար էլ»,- խոստովանել է նա։