Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP)-ի հայ կին պատգամավոր Սելինա Դողանը 11 տարի ազատազրկման դատապարտված հայ հայտնի լեզվաբան եւ լրագրող Սեւան Նիշանյանի հարցով գրավոր հարցադրում է ուղղել Արդարադատության նախարարին։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը. հայ պատգամավորը Արդարադատության նախարարին ուղղված գրավոր հարցադրման մեջ շեշտել է, որ մշակութային եւ բնական ունեցվածքի պահպանության օրենքի խախտման համար (հիշյալ հոդվածով Սեւան Նիշանյանին դատապարտել են 11 տարի ազատազրկման-խմբ) տարեկան մոտ 3 հազար դատական գործ է հարուցվում, իսկ դատարանը դրանց հարցով կայացնում է 2 տարուց պակաս ազատազրկում կամ էլ բանտում հայտնվողները արագ դուրս են գալիս։
Հարցադրման մեջ եղել է հետեւյալը. Հիշյալ հոդվածով վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ հոգու դեմ է դատական գործ հարուցվել, քանի՞ հոգի է ազատազրկման դատապարտվել, քանի՞ հոգու նկատմամբ կիրառվել գումարային փոխհատուցումը, քանի հոգի է այդ հոդվածով ազատվել բանտից վաղաժամ եւ Սեւան Նիշանյանից բացի այս պահին որեւէ մեկը կա՞ ազատազրկման մեջ։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար: Ավելի ուշ եւս մեկ դատական գործով է դատապարտվել, որի հետեւանքով ազատազրկման ժամկետը հասել է 11 տարվա։
Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։




























