«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի կալանքը կերկարացվի: NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու համար:

Հավանաբար դատարանը կբավարարի միջնորդությունը: Մինչ օրս մեղադրյալները գործով որեւէ ցուցմունք չեն տվել:

Սպանության գործի շրջանակներում, բացի Գաստիկից, Ծգլից եւ Տլեից, եւս 1 հոգի է գտնվում անազատության մեջ՝ Տլեի եղբայրը: Դավիթ Հախանումյանին մեղադրանք է առաջադրված սպանության օժանդակության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ: Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը մարտի 12-ին հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ: Նրանք 11 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո ինքնակամ ներկայացել էին Ազգային անվտանգության ծառայություն, այժմ կալանավորված են: Իսկ դրանից առաջ էլ կալանավորվել էին եւս  5 հոգի: Նրանցից երկուսը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբյարներն են՝ Կարեն եւ Սուրեն Երեմյանները, ովքեր «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերն են, մյուսներն են Արտյոմ Կարապետյանը, Ալեքսեյ Մկրտչյանը, Նարեկ Հովսեփյանը: 2 ամիս կալանքի տակ մնալուց հետո 5 մեղադրյալները ազատ են արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: