Ադրբեջանի ՊՆ-ն գաղտնի լրտեսական սարքավորումներ է գնել։

Ինչպես գրում է haqqin.az-ը, ցանցահենները կոտրել են Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան եւ տեղադրել համացանցում։ Նշենք, որ ընկերությունը մասնագիտացած է Իտալիայի անվտանգության ուժերի համար լրտեսական ծրագրեր մշակելու  վրա։ WikiLeaks –ի հրապարակած տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ ընկերությունը Ադրբեջանին վաճառել է DaVinçi կամ Galileo հեռահար հսկողության համակարգեր։ Ենթադրվում էր, որ այդ համակարգը գնել է Ազգային անվտանգության նախարարությունը, սակայն օրերս ցանցահենները համացանցում տեղադրել էին Hacking Team ընկերության տեղեկատվական բազան, որտեղից պարզ է դառնում, որ DaVinçi ծրագիրը իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Առքուվաճառքն իրականացվել է ոչ թե ուղղակի ճանապարհով, այլ ԱՄՆ-ում գրանցված անհայտ ֆիրմայի միջոցով։

Համաձայն Hacking Team ընկերության ներքին փաստաթղթերի՝ 2013թ. ԱՄՆ-ում գրանցված Horizon Global Group ընկերության միջոցով Ադրբեջանի ՊՆ-ն 320 հազար եվրոյով գնել էր RCS հեռահար լրտեսության համակարգը։ Գնորդի կողմի անունից պայմանագիրը ստորագրել է ոմն Աբիկ Չարուխչեւը։

Hacking Team-ի լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների եւ սմարթոնների վրա գաղտնի հարձակումներ իրականացնելու համար։ Այս ծրագրերը կարող են պատճենել Windows, OS X կամ Linux համակարգերով աշխատող համակարգիչների մեջ եղած տեղեկությունները եւ լրտեսել Android, iOS, Blackberry եւ Windows Phone պլատֆորմի վրա հավաքած սարքավորումները։