Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների թիվը գործնականում կարող է լինել 120-130: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
«Պատգամավորների թիվը նվազագույնը կարող է լինել 101: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է 1-4 մանդատներ նաեւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար: Նրանք էլ կգումարվեն այդ 101 պատգամավորներին: Բացի դրանից՝ խորհրդարանում կլինեն բոլոր այն կուսակցությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը, եւ այն դաշինքները, որոնք կհաղթահարեն 7 տոկոսանոց շեմը»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ առաջին փուլում 45 տոկոս ձայն ստացած կուսակցությունը երկրորդ փուլում էլ հաղթի, նորից մանդատ կստանա, եւ Ազգային ժողովի պատգամավորների թիվը կդառնա 110:
«Հետեւաբար, տեսականորեն հնարավոր է խորհրդարանում ունենալ 198 պատգամավոր, իսկ գործնականում 120-130»,- ավելացրեց նա:
Նշենք, որ հուլիսի 15-ին հրապարակվել է Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին:





























