ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին բացահայտ դասեր են տալիս, որ նա «պետք է» զիջի, բայց լռում են, երբ գործը հասնում է Ադրբեջանին։ Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում՝ ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում արած հայտարարության։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ համանախագահները վատ սովորություն են ձեռք բերել՝ շատ բացահայտորեն դասեր տալ հայկական կողմին, որ նա «պետք է» զիջի, ընդ որում, փաստացիորեն լռություն են պահպանում այն զիջումների մասին, որոնք նրանք ակնկալում են Ադրբեջանից։
Ամերիկահայերը կարծում են, որ դա ոչ թե միջնորդություն է, այլ հրապարակավ ահաբեկում։ «ԵԱՀԿ-ն կարող է ավելի լավ գործել։ Շրջանի բնակիչները ավելիին են արժանի»,- ընդգծել են նրանք։
Հիշեցնենք, որ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է միջազգային խաղաղապահ ուժեր մտցվեն տարածաշրջան, եւ նշել էր, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակներում»։




























