ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանգստյան օրերին դուստրերի հետ մեկնել է Նյու Յորք: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, օգտվելով լարված գրաֆիկում առաջացած «ազատ պատուհանից», Սպիտակ Տան տերը որոշել է հանգստյան օրերն անցկացնել երկրի խոշորագույն մեգապոլիսում՝ դուստրերի՝ Մալիի եւ Սաշայի հետ:
Նրանք Նյու Յորք են ժամանել ուրբաթ երեկոյան:
Նյու Յորք հասնելուն պես Օբաման կարճ ժամանակով լքել է դուստրերին, քանի որ պաշտոնական միջոցառում է նախատեսված եղել: Նա մասնակցել է բարեգործական երեկոյի՝ դեմոկրատական կուսակցության համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով:
Օբամայի եւ նրա ընտանիքի հետագա պլանների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն տեղի լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ շաբաթ օրը նրանք ամենայն հավանականությամբ կայցելեն Բրոդվեյի մյուզիքլներից մեկը:





























