Մարիա Գայդարը, որը նշանակվել է Օդեսայի փոխնահանգապետ, հաստատել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու իր մտադրությունը: Այս մասին Գայդարը հայտնել է Facebook-ի իր էջում:

Գայդարը նշել է, որ դեմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը եւ ռազմական գործողություններին, որոնք ընթանում են երկրում, ինչպես նաեւ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

«Այս դիրքորոշումը ես բազմիցս հնչեցրել եմ Ռուսաստանում, նաեւ իմ անհամաձայնությունն եմ հայտնել վարվող քաղաքականությանը եւ պատերազմին: նաեւ դրանք են պատճառը, որ ես եկա աշխատելու այստեղ եւ պատրաստվում են Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ»,-ասել է նա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ռուս ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ Մարիա Գայդարին նշանակել է իր տեղակալի պաշտոնում: «Օդեսային է նայում ողջ Ուկրաինան, Եվրոպան եւ Ռուսաստանը։ Օդեսայում բարեհաջող փոփոխությունները կազդեն աշխարհում տիրող իրավիճակի վրա։ Ես ուզում եմ, որ ուկրաինացիները հասկանան, որ ռուս ազգը միայն կառավարությունը չէ։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ձեր երկրին հույսով են նայում»,- հայտարարել է Գայդարը։