Գեղարքունիքի մարզի Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանին զարմացնում է, թե ինչու է գայլի դաժան սպանության տեսանյութն այդպիսի արձագանք ստացել հասարակության մեջ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բալյանն ընդգծեց, որ ոչ ոք իրենց ամոթանք տալու իրավունք չունի, առավել եւս որ վահանցիները Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են եղել:

«Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին: Գայլը մտել էր մեր համագյուղացու տուն առավոտ ժամը 8-ին եւ ոչխարներին վնաս հասցրել: Մինչեւ գյուղացին դուրս էր եկել, գայլը դիմել էր փախուստի եւ գնացել էր դեպի գյուղի կենտրոնական փողոց, որտեղով այդ ժամին երեխաներ էին անցնում: Գայլի ճանապարհին դուրս է եկել մեր գյուղացիներից մեկը, որը զինվորական է, մոտը հրացան չի եղել, փայտով հարվածել է եւ սպանել: Ի՞նչ կա դրա մեջ, կարո՞ղ է թողներ գայլը մարդկանց վնաս տար»,- վրդովված ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին նկարահանված տեսանյութը հուլիսի 16-ից ակտիվ շրջանառվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, տեսանյութում երեւում է, թե ինչպես Գեղարքունիք մարզի Վահան գյուղում զինվորական համազգեստով մի տղամարդ դաժանաբար ծեծում գայլին:

Նշենք, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 92-րդ հոդվածով պատիժ է նախատեսվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Հոդվածում մասնավորապես, նշված է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: