Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը Վճռաբեկ դատարանից որեւէ գրություն չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը` անդրադառնալով այն լուրերին, որ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Հակոբյաների ներկայացրած բողոքը` ձեւական սխալները շտկելու համար:

«Ես այս լուրերը միայն լրատվամիջոցներից եմ իմանում եւ Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանություններից: Ինձ համար անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում, որոնցից ես անտեղյակ եմ: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ` այս ամենը ինչի համար է արվում. հերթական  անգամ ինչ-որ գծագիր, պատկեր ստեղծելու համա՞ր, թե՞ մարդիկ ցանկանում են լրատվամիջոցներով շուտ-շուտ ելույթ ունենալ»,- ասաց փաստաբանը` նշելով, որ անհնար է` Վճռաբեկը բողոքը վերադարձներ, իսկ ինքն անտեղյակ լիներ։

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: