ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Նյու Յորքում մահմեդական մզկիթի շինարարության օգտին: Այդ կառույցի շինարարության հետ կապված վեճերը վաղուցվանից են ծավալվում: Բանն այն է, որ մզկիթը պետք է կառուցվի սեպտեմբերի 11-ի ողբերգության վայրի մոտ:
«Որպես քաղաքացի եւ նախագահ, ես կարծում եմ, որ մահմեդականներն ունեն իրենց կրոնին հետեւելու նույնպիսի իրավունք, ինչպես երկրի որեւէ այլ քաղաքացի»,- հայտարարել է Օբաման, հաղորդում է AFP-ն:
«Իսլամն ԱՄՆ-ում այլ կրոններին հավասար իրավունքներ ունի եւ մահմեդականները կարող են կառուցել իրենց մշակութային կենտրոնները: Սա Ամերիկան է եւ սկզբունքը, ըստ որի բոլոր հավատքներին կառավարությունը հավասար վերաբերմունք է ցուցաբերում, հիմնարար է մեզ համար: ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի այդ պատվերը պետք է հարգվի»,- ըստ «ՌԻԱ նովոստիի», ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Մզկիթի շինարարությունը Նյու Յորքի բնակիչներին բաժանել է երկու ճամբարի: Կրոնական կառույցի դեմ հանդես եկողներին միացել են հանրապետական առաջնորդները: ԱՄՆ նախկին փոխնախագահ Սառա Փեյլինը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը հայտարարել են, որ դեմ են ահաբեկչության վայրի մոտ մահմեդական մզկիթի կառուցմանը: Նրանց են միացել նաեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, մասավորապես, «Ընդդեմ անվանարկության» լիգան:
Մզկիթի շինարարության օգտին են հանդես գալիս դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, մի շարք անկախ քաղաքական գործիչներ, որոնց շարքում է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Սպիտակ Տան ներկայացուցիչները երկար ժամանակ հրաժարվում էին մեկնաբանել այս խնդրի հետ կապված իրավիճակը, դա համարելով տեղական իշխանությունների գործը:
Այսօր, սակայն, Օբաման խախտել է լռությունը եւ պաշտպանել կոնֆլիկտի կողմերից մեկին: «Սա կրոնի ազատության պաշտպանության հրաշալի օրինակ է»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետը:
Օբաման կոչ է արել իր քաղաքացիներին չմոռանալ, թե ում դեմ եւ հանուն ինչի է պայքարում ԱՄՆ-ը: Նա նշել է, որ ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցը ոչ մի կապ չունի իսլամի հետ: «Դա իսլամի կոպիտ խեղաթյուրում է»,- ասել է Օբաման ու հավելել, որ «Ալ Կաիդայի» գրոհայիններն ավելի շատ մահմեդականների են սպանել, քան այլ կրոնի հետեւորդների: Գրում է Lenta.ru-ն:




























