Լրագրողները չեն կարողանում հասկանալ, թե որտեղ է գտնվում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, նրա գտնվելու վայրն անհայտ է: Ըստ «Վզգլյադի», նման տեղեկություն են տարածել վրացական լրատվամիջոցները:

Սահակաշվիլին օգոստոսի 5-ին լքել է երկիրը, որպեսզի մասնակցի Կոլումբիայում այդ երկրի նախագահի պաշտոնակալման արարողությանը: Դրանից հետո նա այցելել է Կարիբյան ծովում կղզու վրա գտնվող Արուբա պետություն, սակայն մինչ օրս Թբիլիսի չի վերադարձել, պնդում է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

Ընդ որում, լրատվամիջոցները չեն կարողացել նախագահի աշխատակազմից տեղեկություն ստանալ, թե ե՞րբ Սահակաշվիլին կվերադառնա հայրենիք:

Միաժամանակ «Պիրվելի» գործակալությունը ենթադրում է, որ ներկայումս Սահակաշվիլին կարող է մասնավոր այցով մեկնած լինել ԱՄՆ: Մայիսին վրացական լրատվամիջոցները  նույնպես փնտրում էին երկրի նախագահին, ով ապրիլ ամսվա մեծ մասն անց էր կացնում ԱՄՆ-ում եւ իր այցելությունը ընդհատել էր Լեհաստան մեկնելու եւ Լեհ Կաչինսկիի թաղմանը մասնակցելու համար:

Այնուհետեւ Սահակաշվիլին մայիսի 6-ին մի քանի ժամով հայտնվել է Թբիլիսիում ոստիկանների շքերթի եւ Բաթումում Սուրբ Գեորգիի Օրվա տոնակատարությունների ժամանակ, որից հետո մեկնել է Վատիկան: Ավելի ուշ, նա մեկնել է Կոստա Ռիկա, մասնակցել այդ երկրի նախագահի պաշտոնակալման արարողությանը, ապա մի քանի օրով անհետացել հանրության տեսադաշտից:

Ընդդիմությունը պնդում է, որ Սահակաշվիլին հայրենիքում անհարմար է զգում, որ առաջատար համաշխարհային լիդերներն իրեն չեն ընդունում, ինչպես նաեւ պահանջում են բացատրել, թե որքան գումար է բյուջեից ծախսվում իր «վոյաժների» համար: