Թուրքիայի իշխանությունները Բինգյոլ նահանգի Քղի գավառի Չանաքչը գյուղի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին վերականգնելու որոշում են կայացրել:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը,  Բինգյոլի նահանգապետարանի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ Բինգյոլի ամենահին բնակավայրերից մեկը եղող Քղիում գտնվող Չանաքչը գյուղի եկեղեցին կարճ ժամանակահատվածում վերականգնվելու է` Էրզրումի (Կարին-Ակունքի խմբ.) Մշակութային եւ բնական հարստությունների պահպանման շրջանային խորհրդի որոշմամբ:

Վերջնականապես քանդվելու վտանգի տակ գտնվող 250 տարվա Սուրբ Գեւորգ եկեղեցին գրեթե ավերակ վիճակում էր: Չանաքչը գյուղի գյուղապետ Մեհմեդ Ասալը, շեշտելով սույն եկեղեցին շտապ վերականգնելու անհրաժեշտության մասին, նահանգապետարանին հայտնել էր, որ այն, չվերանորոգվելու դեպքում, կարող է վնաս հասցնել նաեւ շրջակա տներին:

Գյուղապետ Մեհմեդ Ասալի մտահոգությունը հաշվի առած Բինգյոլի նահանգապետարանը խնդրի մասին հաղորդել էր Էրզրումի Մշակութային եւ բնական հարստությունների պահպանման շրջանային խորհրդին: Վերջինս էլ եկեղեցին վերականգնելու որոշում է կայացրել: