«Վերնիսաժի» գործով նշանակված փորձաքննությամբ այդպես էլ չի պարզվել՝ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը գտնվել է աֆեկտի պահին, թե ոչ:  Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 ամիս տեւած փորձաքննությամբ այդպես էլ չպարզվեց՝ մեղադրյալը եղել է աֆեկտի պահին, թե ոչ, մինչդեռ այս հանգամանքը խիստ կարեւոր է եւ կարող է բեկում առաջացներ գործում: Իսկ թե ինչու չպարզվեց, պատճառները մի քանիսն են, մասնագետները նշել են, որ պատճառներից է նաեւ այն, որ Գոռ Առաքելյանը ցուցմունք չի տալիս:

Գոռ Առաքելյանի փաստաբանը՝ Երեւմ Սարգսյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե առաջադրված մեղադրանքը անհիմն է, առկա ապացույցների պարագայում սխալ գնահատական է տրված, անցորդների ուղղությամբ անզգույշ կրակոցները գնահատվել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, մինչդեռ դա անզգուշություն է եղել, ոչ թե դիտավորություն: Հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 3-ին, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: Վերջին նիստը կայացել է հունիսի 1-ին, այն հետաձգվել էր անժամկետ, մինչեւ Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված համալիր դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները ստանալը: