«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը բարեփոխման կարիք ունի: Այս մասին ասված է օրինագծին կից փաստաթղթում, որի հեղինակը ԱԺ պատգամավոր (նախկին ԲՀԿ-ական) Տիգրան Ուրիխանյանն է եւ որը քննարկվել է այսօր՝ հուլիսի 23-ին, Կառավարության հերթական նիստում:

Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է կուսակցության կանոնադրության խմբագրական եւ տեխնիկական բնույթի փոփոխությունների ու լրացումների կատարման իրավունքը կուսակցության համագումարից փոխանցել կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է լինում կանոնադրության մեջ կատարել զուտ տեխնիկական կամ խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ, որոնք բխում են նաեւ անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներից եւ առաջանում է անհարմարություն ոչ բովանդակային փոփոխությունները եւ լրացումները հաստատելու համար անընդհատ համագումար հրավիրելու:

Օրինագծի վերաբերյալ արդարատադրության նախարարության ներկայացրած եզրակացության մեջ նշվում է, որ օրինագիծը հակասում է օրենքին, քանի որ չի հստակեցնում՝ ինչպես տարբերել խմբագրական եւ տեխնիկական փոփոխությունները էականներից: Այդ առումով նախագիծը հնարավորություն է տալիս մշտական գործող ղեկավար մարմնին ինքնուրույն ձեռնարկել ու գնահատել կատարվող փոփոխությունների եւ լրացումների բնույթը, որի դեպքում չեն բացառվում սուբյեկտիվ դրսեւորումներ, քանի որ հաճախ խմբագրական բնույթի փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ կուսակցության գործունեության համար:

Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը նշել է նաեւ, որ օրինագծում հիմնավորված չէ այն մոտեցումը, համաձայն որի՝ փոփոխվող օրենքների պահանջներից բխող փոփոխությունները կարող են լինել զուտ տեխնիկական բնույթի, քանի որ օրենքը կարգավորում է առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ:

Այսպիսով՝ կառավարությունը գտնում է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված չեն օբյեկտիվ անհրաժեշտությամբ եւ դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: