Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածների ինքնությունը դեռ հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սիսիանի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել են մահացածների մարմինները:

«Երկու տղամարդու, 15-16 տարեկան մի աղջկա եւ մի փոքրիկ երեխայի մարմիններ են մեզ մոտ տեղափոխել: Դեպքի վայրում մահացածների հարազատները չեն եղել, ոչ ոք դեռեւս հիվանդանոց էլ չի եկել»,- ասացին հիվանդանոցից:

Վթարից տուժել են նաեւ հայրը, դուստրը եւ 2-ամյա թոռը: Նրանք տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: Վիրավորների վիճակը գնահատվում է կայուն:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհահատվածում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ եւ 3 վիրավոր: