Բոազ Էլկայամը հրեա կիթառահար է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող կիթառահարներից ու կիթառ պատրաստողներից մեկը։ Նրա պատրաստած մեկ կիթառն արժե 12000-15000 դոլար։ Հայաստան է եկել Կիթառի երևանյան 1-ին միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով։ 51–ամյա երաժիշտը կարծում է, որ աշխարհում չկա ժողովրդավարություն, այդ թվում` ԱՄՆ-ում։ Լսում է Բախ, ազատ ժամանակ օղի եւ վիսկի պատրաստում։ Աջակցում է Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Փառատոնին կիթառով «Հորովել» է կատարելու։
Շատ աղջիկներ նախընտրում են կիթառ նվագող տղաներին։ Կիթառը Ձեզ երբևէ օգնե՞լ է հարաբերությունների հարցում։
Երբ երիտասարդ էի՝ այո։ Դեռահասությանս տարիներին, նաև 20 տարեկանից հետո կիթառը լավ ծառայություն է մատուցել ինձ այդ հարցում։ Իհարկե, հիմա`50 տարեկանում, ամեն ինչ այլ է։ Հիմա ամուսնացած եմ, երեխաներ ունեմ։
Ճանաչված լինելը լա՞վ բան է, քեզ համար դա կարևո՞ր է։
Երբեմն վատ է, երբեմն` լավ։ Կախված է նրանից, թե ինչպես ես օգտագործում քո չանաճվածությունը։ Վատ է, երբ մտածում ես քո մասին, լավ՝ երբ մտածում ես քո նմաների մասին։ Ոմանք ճանաչված են դառնում, որովհետեւ ձգտում են դրան, ոմանք էլ պարզապես ընտրություն չունեն։ Օրինակ, հրեաների պատմության մեծագույն առաջնորդ Մովսեսը։ Աստված նրան ասաց` գնա ու առաջնորդ դարձի։ Իսկ նա չէր ուզում։ Մեկ շաբաթ Աստված վիճում էր նրա հետ, իսկ նա ուզում էր իր ոչխարներին արածեցնել ու աղոթել։ Բայց Աստված ստիպեց նրան գնալ ու փրկել իր ժողովրդին։
Առաջնորդ լինելը հեշտ բան չէ, դա մեծ պատասխանատվություն է։ Ինչպե՞ս կարող ես քեզ առաջնորդ համարել, երբ հարևանդ սոված է։ Եթե լիդեր ես, ուրեմն պետք է այնպես անես, որ նախ նա կշտանա, հետո դու։ Իսկ լիդերների 99,99999 տոկոսը դա չի անում։ Նրանք մտածում են միայն իրենց մասին։ Հետևաբար 99,99999 տոկոսի համար ճանաչված լինելը լավ բան չէ։
Երաժշտության մասին խոսենք։ Ժամանակակիցներից ու՞մ եք լսում։
Ոչ մեկին։
Հայ երաժիշտներից ո՞ւմ եք ծանոթ։
Ոչ մեկին չգիտեմ, առաջին անգամ եմ այստեղ։ Երբ ֆլեյտահարը, որի հետ պետք է ելույթ ունենամ փառատոնի ժամանակ, նվագեց, հասկացա, որ տաղանդավոր է, իսկ հետո երգեց Մարինան, եւ նա շատ յուրահատուկ էր երգում։ Ես հոգնել եմ ստանդարտ ջազ լսելուց, ես նույնիսկ արդեն ջազ չեմ կարողանում լսել։ Հասկացա, որ այստեղ միջազգային մակարդակի երաժիշտներ կան։
Ասում են` հիմա որակյալ երաժշտություն չի ստեղծվում, համաշխարհային երաժշտությունը հետընթաց է ապրում։ Դո՞ւք էլ եք այդպես կարծում։
Լավ տեսակետ է։ Տեսեք` ընդհանուր առմամբ աշխարհում այսօր ամեն ինչ է հետ զարգանում` սնունդը, ճարտարապետությունը։ Ես Երևանում տեսնում եմ որոշ հին շինություններ՝ քարից։ Շատ գեղեցիկ են։ Տեսել եմ հազարամյա եկեղեցիներ, որոնք դեռ կանգնուն են ու միայն երկրաշարժը դրանք կարող է ավերել։ Իսկ հիմա շենքերն ասես թղթից են պատրաստում։ Նույն երաժշտության մեջ է։ Դուք Բախի նման ինչ–որ մեկին գիտե՞ք։ Ես չգիտեմ։ Ես չեմ կարող Բախի հետ որևէ բան համեմատել։ Կար ժամանակ, երբ մարդիկ երաժշտություն լսելիս հրճվանքից ուշագնաց էին լինում։ Իսկ հիմա ստեղծվո՞ւմ է այդպիսի երաժշտություն, որից կարող ես ուշագնաց լինել։
Երկու կարծիք կա՝ մենք առաջացել ենք կապիկից, կամ էլ Աստված է մեզ ստեղծել։ Եթե առաջացել ենք կապիկից, ուրեմն մենք անընդհատ դառնում ենք ավելի լավը, իսկ եթե մարդն առաջացել է Աստծուց, ապա յուրաքանչյուր սերունդ դառնում է ավելի վատը։ Այդ պատճառով էլ այսօր մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են ժամանակին կառուցվել եգիպտական բուրգերը, մի բան, որ այսօրվա տեխնոլոգիաներով էլ ի զորու չեն կառուցել։
Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում հայերի ցեղասպանությունը։
Իսրայելի քաղաքական գործիչնե՞րը, թե՞ Իսրայելի ժողովուրդը.... Երկիր ասելով` դու ի՞նչ նկատի ունես` ժողովրդին, թե նրա քաղաքական ղեկավարությանը։ Չէ՞ որ երկիրը ժողովրդինն է։ Հրեաները ցեղասպանության են ենթարկվել 60 տարի առաջ, սպանվել է 6 միլիոն մարդ։ Ու դու կարծում ես, որ Իսրայելի ժողովուրդը չի՞ աջակցում հայերի ցեղասպանության ճանաչմանը։ Եթե աշխարհում կա մի ազգ, որին այս հարցը պիտի չտրվի անգամ, դրանք հրեաներն են։
Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչու՞ Իսրայելի իշխանությունները չեն ճանաչում հայերի ցեղասպանությունը։
Որովհետեւ քաղաքական գործիչները պոռնիկներ են։
Սամվել Գասարջյան




























