Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում արդեն մի քանի օր է` տարբեր տեսակի ձեռնոցների արտադրություն է գործում:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադրած արտադրամասում այժմ 50 տավուշցի է աշխատում` Չորաթան եւ հարեւան համայնքներից, որոնց ընկերության մասնագետները ծանոթացնում են աշխատանքին:

«Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի արտադրամասը Չորաթանում հիմնել է ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը:

«Սա իմ առաջին գործարանը չէ, ես ամենամեծ ու տեխնիկապես ամենահագեցած ձեռնարկությունն ունեմ Ռուսաստանում, համագործակցում եմ միջազգային մասշտաբով տարբեր գործարանների հետ: Ես հանդիպեցի նախագահի հետ, համոզվեցի, որ կարելի է նաեւ Հայաստանում սահմանամերձ տարածքում այս տիպի գործ սկսել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարարը:

Հարցին` արդյոք ինքը ռիսկային չի համարում  սահմանամերձ գոտում բիզնես հիմնելը, Սուրեն Երիցյանն ասաց, եթե մարդիկ ապրում են այստեղ, ապա հնարավոր է նաեւ բիզնես հիմնել եւ զարգացնել սահմանամերձ գոտում:

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա փետրվարին: Ընկերության արտադրամասի շինարարական աշխատանքներն սկսվել են մարտին, ավարտվել հուլիսին: Ըկերությունում աշխատում է 50 աշխատակից՝ 100 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով:Ընկերությունը նախատեսում է արտադրել տարբեր տեսակի ՝ գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ ձեռնոցներ: Արտադրության օրական ծավալը կազմում է 16 հազար զույգ ձեռնոց: Դրանք արտահանվելու են ՌԴ եւ Բելառուս:

Այժմ Չորաթանում վերակառուցվում է եւս մեկ արտադրամաս՝ 2000քմ ընդհանուր մակերեսով: Այս արտադրամասի շինարարական աշխատանքներն սկսվել են այս տարվա հունիսին, նախատեսված է այն ավարտել նոյեմբերին: Վերակառուցման աշխատանքներն ավարտելու հետո արտադրամասում կաշխատի եւս 100 աշխատակից: Ընկերությունը նախատեսում է առաջիկա 5 տարիներին ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ եւ կատարել 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար եւ Բերդ համայնքներում: