2015 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի բնակչության մոտ մի փոքր ավելացել է վաղվա նկատմամբ հավատը: Այդ մասին են վկայում «Gallup International» միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցումն անցկացվել է Երեւանում եւ մարզերում, այս տարվա մայիսի 5-13-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1105 մարդ՝ առանձնազրույցների միջոցով:
Այդուհանդերձ, լավատեսությունը դեռ չի բարձրացել 2014 թվականի նոյեմբերին եղած մակարդակին: Այսպես, 2014-ի նոյեմբերին հարցին, թե «Ձեր կարծիքով, մեկ տարի անց Դուք (Ձեր ընտանիքը) ավելի լավ եք ապրելու, քան հիմա», 35 տոկոսը պատասխանել է «մի փոքր ավելի լավ», 4 տոկոսը՝ «զգալիորեն լավ»:
2015-ի մարտին (հայկական դրամի կտրուկ անկման եւ ՌԴ-ից տրանսֆերտների կրճատման հետեւանքներից հետո) այդ ցուցանիշները կազմել են ընդամենը 15 տոկոս եւ 2 տոկոս՝ համապատասխանաբար: Ճիշտ է, մայիսին այդ ցուցանիշները բարձրացել են՝ հասնելով 22 եւ 2 տոկոսի համապատասխանաբար:
Միաժամանակ, նույն հարցին 2014-ին 4 տոկոսը պատասխանել է «զգալիորեն վատ», իսկ 14 տոկոսը՝ «մի փոքր ավելի վատ»: 2015-ի մարտի «զգալիորեն վատ» պատասխանը տվել է արդեն հարցվածների 18 տոկոսը, իսկ «մի փոքր ավելի վատ»՝ 22 տոկոսը: Մայիսին այդ ցուցանիշները մի փոքր բարելավվել են (12 տոկոս եւ 21 տոկոս):




























