«Albuquerque Journal» պարբերականը կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում իրականացվող լոբբինգի թեմային:

Նոր խմբագրականում պարբերականը գրել է, որ նահանգի Սենատի անդամ Մերի Քեյ Պապենը, հավանաբար, շատ միամիտ է, եթե կարծում է, որ 10-օրյա ուղեւորության համար վճարում են՝ առանց փոխարենը որեւէ բան ակնկալելու: Համենայն դեպս, այդ ուղեւորություններն Ադրբեջանին թույլ տվեցին ոչ պաշտոնական դիվանագիտական հայտարարություններ ընդունել:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ նահանգի 25 օրենսդիրներ Բաքվում համաժողովի են մասնակցել, եւ նրանց ուղեւորությունը գաղտնի ֆինանսավորել է այդ երկրի պետական նավթային ընկերությունը:

Միաժամանակ, Պապենը նշում է, որ խնդիր չի տեսնում «այն երկրներին պատվելու մեջ, որոնք փորձում են ժողովրդավար լինել եւ Միացյալ Նահանգների ընկերներն են»: Սակայն, ըստ պարբերականի, իշխող կուսակցության՝ իսկական ժողովրդավարություն ստեղծելու փորձերը չափազանց վիճելի են: Օրինակ փնտրելն այնքան էլ դժվար չէ. Ադրբեջանը ներառված է ամենաուժեղ գրաքննությունն ունեցող երկրների տասնյակում, իսկ Amnesty International-ի իրավապաշտպանները հայտարարում են, որ երկրի լրագրողներն ու ակտիվիստները բանտերում են:

«Նյու Մեքսիկոն հազիվ թե միակ նահանգն է Ադրբեջանի հյուրերի ցանկում»,- գրում են հոդվածի հեղինակները՝ հիշեցնելով 2 մլն դոլարի մասին, որ ադրբեջանական լոբբինգը ծախսել է 2013 թվականին:

Ըստ պարբերականի, ուղեւորություններն ու մարդկանց միջեւ կապերի հաստատումը հրաշալի են, եթե անգամ դրանք ֆինանսավորվում են արտասահմանյան կոնցեռնների կողմից, «սակայն հայտարարությունների ընդունումն անցնում է սահմանը: Դրանք անտեսում են իրականությունը եւ ավելի շատ նման են ծառայության դիմաց ծառայություն մատուցելուն»: