Օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնական այցով ժամանում է Ադրբեջան, որի ընթացքում կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ: Այնուհետեւ նախատեսված է երկու երկրների պատվիրակությունների հանդիպում ընդլայնված կազմով: Թուրքիայի նախագահը կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրներին վերաբերող արդիական հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ: Աբդուլա Գյուլի գլխավորած պատվիրակության կազմում է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այս այցելության նախօրեին Գյուլը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի ԼՂ խնդիրը լուծվի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով եւ այդ ուղղությամբ անում է ամեն հնարավորը: Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան միշտ պաշտպանելու է եղբայրական Ադրբեջանին: Գյուլի խոսքով, տարածաշրջանում նորմալ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է լուծի ԼՂ խնդիրը:
Թուրքիայի նախագահը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անցած 18 տարում չի կարողացել կոնկրետ արդյունքների հասնել այդ հարցում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Մինսկի խումբը մոտենա ԼՂ խնդրի լուծմանը: Բայց ներկայումս Մինսկի խմբի ներկայացուցիչների այցելությունները ժողովրդի մեջ անվանում են «տուրիստական այցեր»: Դրա համար էլ պետք է նոր քայլեր ձեռնարկել»,- նշել է Աբդուլա Գյուլը:




























