Քրդական զինված խմբավորումների ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրաքի հյուսիսում քրդական ճամբարի վրա գիշերային ավիահարվածներից հետո Անկարայի հետ կնքած զինադադարը կորցրել է իր իմաստը:
«Հաշտությունն այլեւս իմաստ չունի այդ ավիահարվածներից հետո, որոնք հասցրել է թուրքական զավթող բանակը»,- մեջբերում է Reuters-ը Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարության տարածած հայտարարությունը:
Թուրքիան 2013թ. հետո առաջին անգամ էր քրդերի դեմ ուժ կիրառում: 2013թ. գարնանը Թուրքիայի եւ քուրդ ապստամբների միջեւ զինված բախումները դադարեցվել էին:
Անկախ պետություն ստեղծելու համար ծագած թուրք-քրդական զինված հակամարտությունը շարունակվում էր ավելի քան 30 տարի եւ խլել էր 40 հազար մարդու կյանք, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:





























