Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) որեւէ դիտավորություն չի տեսնում իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում բռնկված հրդեհի մեջ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հրդեհը բռնկվել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետեւանքով:

«Մենք կոնտեյներական փոփոխություններ էինք կատարել, սակայն ամեն ինչ լավ չէինք հաշվարկել: Այդ պատճառով էլ հրդեհ էր բռնկվել, բայց փառք Աստծո, վնասը մեծ չէ, քանի որ փրկարարները ճիշտ ժամանակին եկան եւ մարեցին հրդեհը: Լուրջ բան չի եղել»,- ասաց պատգամավորը:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հուլիսի 26-ին ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի «Հրազդան» տոնավաճառի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել՝ 00.29-ին: Ամբողջությամբ այրվել է 5 տաղավարների փայտյա կառուցատարրերը (45 քմ), իսկ 2 տաղավարները` մասամբ (5 քմ):