Եզդի փախստականների ճամբարում մեկ օրվա ընթացքում 5-6 մարդ է սպանվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողներին ասաց «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը՝ հավելելով, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է:

«Եզդիական փախստականների ճամբարները գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը  հարցականի տակ է, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, որտեղ փորձում են ազատվել եզդի փախստականներից»,- ասաց Սուլթանյանը։

Նա նշեց, որ  գերտերությունների վերաբերմունքն անհասկանալի է այս հարցում:

«Այժմ Սինջարում են գտնվում «Իսլամական պետության»  ոչ լավ պատրաստված մի քանի հարյուր զինյալներ և 4000 եզդի կին, աղջիկներ, ծերեր գտնվում են ԻՊ-ի գերության տակ, նրանց վաճառում են: Գերտերությունները ցանկության դեպքում կարող են հեշտությամբ ազատագրել Սինջարը, ընդամենը պետք է  մարդկանց մի փոքր օգնություն տրամադրել, որպեսզի նրանք վերադառնան իրենց տարածք»,-ասաց նա: