Երեւանի Բուսաբանական այգու ոչ կոլեկցիոն հատվածն է այրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը, որի ենթակայության տակ է գտնվում այգին:

«Այգու ամբողջ տարածքը 80 հեկտար է, այրվել է մոտ 15 հեկտարը, որը չոր խոտ էր: Այստեղ ամեն ամիս էր հրդեհներ լինում են, այս անգամ հրդեհը մեծ էր, որովհետեւ հենց բռնկման պահին քամին ուժեղացել է եւ այլեւ հնարավոր չի եղել արագ մարել հրդեհը»,- ասաց Ժիրայր Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հրդեհից անմիջապես հետո այգու աշխատակիցները սկսել են ջրել այրված հատվածը:

Հարցին, թե հնարավոր է դիտավորություն կա կատարվածի մեջ, Ժիրայր Վարդանյանը պատասխանեց. «Չի բացառվում, որովհետեւ միեւնույն պահին մի քանի տեղից հրդեհ է բռնկվել: Բացի դրանից՝ կարող է ծխախոտի մնացորդից կպած լինի հրդեհը»:

Հիշեցնենք, որ Երեւանի բուսաբանական այգու տարածքում հուլիսի 25-ին բռնվել է հրդեհ, որի հետեւանքով այրվել է 15 հեկտար խոտածածկ տարածք։