Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած Հայկ Մխիթարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական կլինիկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կլինիկայի գիտական ղեկավար Մամիկոն Եղունյանը:

«Հայկ Մխիթարյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա շաբաթ էլ դեռ կմնա մեզ մոտ, հետո կտեսնենք: Հնարավոր է դուրս գրվի»,- ասաց բժիշկը:

Մամիկոն Եղունյանը հաստատեց, որ երիտասարդի մոտ առկա է հիշողության կորուստ. «Այս պահին չենք կարող ասել, թե երբ կվերականգնվի հիշողությունը: Ժամանակի խնդիր է»:

Նշենք, որ Հայկ Մխիթարյանի ծնողները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էին, որ իրենց որդու մոտ առկա է հիշողության կորուստ. նա ոչ մեկին չի հիշում: 

Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:

Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու: