Մոսկովյան հռչակագրում հստակ նշվում է, թե ինչ սկզբունքներով պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Նախագահը նշեց, որ այդ սկզբունքները գրի են առնված ամենահեղինակավոր կազմակերպության՝ ՄԱԿ-ի որոշումներում, մասնավորապես շեշտելով, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը պահանջում են ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերում»։
Ալիեւի կարծիքով, միջազգային կառույցների մեկ այլ պահանջը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը, հեշտությամբ կարելի է տեղավորել տարածքների ամբոզջականության սկզբունքի սահմաններում։ «Տարածքների ամբողջականության սկզբունքը անխախտ է։ Ինչ վերաբերում է ազգերի ինքնորոշման հարցին, ապա այն կարող է հաջողությամբ իրագործվել Ադրբեջանի միասնական պետության տարածքային ամբողջականության սահմաններում», — ասաց նա։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացն «այսօր թեւակոխում է նոր փուլ»։ «Սանկտ-Պետերբուրգում մեզ հաջողվեց արձանագրել մի քանի քայլ առաջ։ Իհարկե, եւ Ադրբեջանում եւ, կարծում եմ, Հայաստանում ու աշխարհում մեծ սպասելիքներ կան առ այն, որ հակամարտությունը ինչքան հնարավոր է շուտ կարգավորվի։ Բայց մենք առաջ ենք գնում, եւ դա լավատեսություն է ներշնչում, դա ամրապնդում է բանակցությունների գործընթացը։ Մենք ցանկանում ենք եւ ձգտում ենք դրան։ Մեր կողմից անում ենք ամենը, որպիսի հասնենք դրան հնարավորինս շուտ» — հայտարարեց Ադրբեջանի նախագահը։
Դմիտրի Մեդվեդեւը համաձայնեց հակամարտության կարգավորման ժամկետների մասին իր ադրբեջանցի գործընկերոջ կարծիքին, նշելով, որ այդպիսի հակամարտությունները կարող են լուծվել միմիայն միջազգային իրավունքի ամուր հենքի վրա։
"Այդ հենքը հայտնի է. Այն քիչ առաջ մատնանշեց Իլհամ Հեյդարովիչը։ Խոսքը, բնականաբար, գնում է ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների որոշումների մասին եւ առաջին հերթին այս առնչությամբ ՄԱԿ-ի բանաձեւերի մասին ։ Եվ, իմ կարծիքով, ամենակարեւորը նույնիսկ այն չէ, որ դա ոչ ոք չի ժխտում, այլ այն, որ կողմերը պատրաստ են քննարկել բոլոր հարցերը հենց այս ոգով։
Նրա խոսքով, երկու նախագահների հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում ցույց տվեց, որ բանակցություններին մասնակից կողմերը պատրաստ են լուծել հակասությունները եւ շարժվել առաջ։ «Այս հակամարտությունը մոտ ապագայում լուծելի դարձնելու բոլոր հնարավորությունները կան. Ռուսաստանը՝ մնացած երկրնրի հետ մեկտեղ կանի ամեն ինչ։ Եվ այս հարցում խանդ չպետք է լինի, որպեսզի հակամարտությունը կարգավորվի առավելագույնս արդյունավետ»- ասաց Մեդվեդեւը։



























