«Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք», «Վերջ տվեք ակտիվիստների հալածանքներին» , «Պատժենք իրական հանցագործներին»։ Նման բովանդակությամբ ցուցապաստառներով այսօր Էրեբունի քննչական բաժանմունքի մոտ հավաքվել էին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ՝ բողոքելու ընդդեմ «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի։
«Եկել եմ ճշմարտությունը պաշպանելու»,- ասում է ակցիայի մասնակիցներից Լիլիթը, իսկ Հելենը, ով Մարիամի հետ Թեղուտի պաշտպանության խմբից է, հավելում է. «Ամեն անգամ, երբ Մարիամին կանչեն քննչական բաժանմունք, կգամ այստեղ, կնստեմ, եթե պետք լինի հացադուլ կանեմ, կգոռամ, ինչ էլ, որ պետք լինի կանեմ»։
Այսօրվա ակցիան էլ առանց միջադեպերի չանցավ: Էրեբունու քննչական բաժանմունքի աշխատակիցները փորձեցին ցրել ակցիայի մասնակիցներին՝ նրանց քննչական բաժանմունքի առջեւից դիմացի մայթ ուղարկելով, նույնիսկ խոչընդոտեցին լրագրողների գործունեությանը՝ հետ հրելով միկրոֆոնները, տեսախցիկներն ու լուսանկարչական ապարատները։ Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ մի պահ նույնիսկ հրմշտոց սկսվեց։ Ի դեպ, հավաքվածների քանակը չէր գերազանցում օրենքով նախատեսված հարյուրը։
Ակցիայի մասնակիցների շարքում էին նաեւ «Հելսինկյան կոմիտե»-ի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Էկոլուր» հասարակական կազմակերպության տնօրեն Ինգա Զառաֆյանը։ Ավետիք Իշխանյանը, մեկնաբանելով Մարիամին առաջադրված մեղադրանքերը, ասաց. «Բացարձակապես հիմնավորված չեն Մարիամին առաջադրված մեղադրանքները։ Կարծում եմ, որ դպրոցի տնօրենը ազդեցիկ մարդու կողմից նշանակված մեկն է, եւ փոխանակ պարզեն իրավիճակը, հակառակ ուղղությամբ են գնացել։ Քանի որ այդ երեւույթին չէին կարող ընդհանրապես ուշադրություն չդարձնել՝այն ունի հասարակական մեծ հնչեղություն, գործը փոխել են Մարիամի դեմ։ Երբ մեղադրական եզրակացությունը կարդում ես, զգացվում է, թե ինչպես են գործ սարքել Մարիամի դեմ, յուրայինին չկպնելու համար»։
Իսկ Ինգա Զառաֆյանն էլ իր հերթին նշեց. «Մարիամին որպես հասարակական ակտիվ մարդ փորձում են ճնշել, եւ այդ միջոցով փորձում են ցույց տալ ակտիվ կազմակերպություններին, որ իրենց ակտիվությունը բավականին նյարդայնացնում է տարբեր պաշտոնյաներին, որոնց դա անմիջապես կպնում է»։
Ի դեպ Մարիամին քննչական բաժանմունքում պահեցին գրեթե 3 ժամ։ Մարիամը այսօր եկել էր քննչական բաժին եւ քննիչներին ասելու, թե հրաժարվում է ցուցմունք տալու, քանի իրեն առաջադրված մեղադրանքը հստակ չէ:
Հիշեցնենք, որ «S.O.S Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին օգոստոսի 15-ին հրավիրել էին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության վարչության Էրեբունու քննչական բաժին` ցուցմունք տալու զրպարտության մեղադրանքով` ՀՀ Քր.օր. 135 հոդված, մաս 1-ին: Հասարակական հնչեղություն ստացած այս պատմությունը սկսել է 2008թ-ի նոյեմբերի 13-ին «Հայլուրի» պատրաստած ռեպորտաժից հետո։ Ռեպորտաժում Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Հեռուստահաղորդման մեջ օգտագործվել էին տեսանյութեր, որոնք տրամադրել էին «S.O.S. Թեղուտ»-ի ակտիվիստները։
Հեռուստահաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը հետաքննություն անցկացրեց, որի արդյունքում 2009թ. փետրվարի 11-ին հարուցվեց N12105809 քրեական գործը` բայց ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտության մեղադրանքով:
2009թ. մայիսին Մարիամ Սուխուդյանը եւ «S.O.S Թեղուտի» մյուս ակտիվիստները հրավիրվեցին ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին` որպես տվյալ գործով վկաներ: Իսկ արդեն օգոստոսի 13-ին Մարիամ Սոխուդյանը ստացավ ծանուցագիր, որով նրան կանչում են ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժին հարցաքննության` արդեն որպես մեղադրյալ:
Այսօր Մարիամ Սուխուդյանի դեմ առաջարդված մեղադրանքի կապակցությամբ մեկնաբանություններ է տվել նաեւ ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության վարկածի՝ 2008 թ. մարտին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում ծրագիր իրականացնելու համար Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակից 1 միլիոն դրամ գրանտ է ստացել, որով դպրոցում բացվել է համակարգչային սենյակ, ձեռք է բերվել համակարգիչ, կազմակերպվել են խոհարարական դասընթացներ, ինչպես նաեւ` էքսկուրսիաներ, անգլերեն եւ ռուսերեն լեզուների ուսուցում, որոնք իրականացվել են Մ. Սուխուդյանի, Բ. Հովհաննիսյանի, Ա. Ղարիբյանի եւ Լ. Նուրիջանյանի կողմից:
2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված եւ դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել եւ տրամադրել իրեն` ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերը կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը, եւ Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն` իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել:
Կրթահամալիրի սաներ Լ. եւ Դ. Ամիրխանյանները, Մ. Դավթյանը, Ա. Պողոսյանը, Մ. Շամամյանը եւ Դ. Մկրտչյանը կտրականապես հերքել են Լ. Ավագյանի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ամիրխանյանը նշել է նաեւ, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով: Նա նաեւ հայտնել է, որ 2008 թ. հուլիսին Մ. Սուխուդյանը եւ մյուսները այցելել են իր բնակարան, որտեղ Մ. Սուխուդյանն իրեն ուղղորդելով եւ հարցերի պատասխանները նախապես սովորեցնելով` տեսանյութ է պատրաստել:



















