Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կողմ է արտահայտվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրում մզկիթ կառուցելու մտքին։

Նա հասարակական ուժերին կոչ է արել չխոչընդոտել մզկիթի կառուցմանը։ «Իշխանությունները չպետք է խառնվեն կրոնի հարցերին»,- հայտարարել է Բլումբերգը։ Քաղաքապետն ասել է, որ մզկիթի կառուցումը կնպաստի Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի մերձեցմանը, հայտնում է ВВС-ն։

Միաժամանակ ԱՄՆՍենատում դեմոկրատ մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը չի սատարել Բարաք Օբամայի մտադրությանը՝ մզկիթ կառուցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության վայրի մոտ։ Նրա կարծիքով, մզկիթի կառուցման համար պետք է այլ տեղ ընտրել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռամադանի օրվա իր հատուկ հայտարարությունում կողմ էր արտահայտվել Նյու Յորքի կենտրոնում մզկիթ կառուցելու մտքին։ «Որպես քաղաքացի եւ նախագահ՝ ես կարծում եմ, որ մահմեդականներն ունեն իրենց կրոնը դավանելու նույն իրավունքը, ինչպես այս երկրի ցանկացած բնակիչ»,- հայտարարել է Օբաման։