Առաջիկա գիշերը Երկրի բնակիչները կարող են ականատես լինել «Կապույտ լուսին» կոչվող երեւույթին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի պլանետարիումի աշխատակիցներին։ Սա այս ամսվա ընթացքում 2-րդ եւ տարվա «ավելորդ» լիալուսինն է։

Աստղագիտական այս երեւույթի անվանումը փոխառված է անգլերեն Once in a Blue Moon արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «հազվադեպ կամ երբեք»։

Այս երեւույթը տեղի է ունենում սովորաբար 2-3 տարին մեկ անգամ։ Աստղագետները դա բացատրում են հետեւյալ կերպ. երկու լիալուսինների միջեւ ընկած է 29,53 օր, ինչը ամսվա միջին տեւողությունից մի փոքր պակաս է։ Այդ պատճառով 2,7154 տարին մեկ օրացույցում լրացուցիչ լիալուսին է առաջանում՝ հիշեցնելով, որ տարվա ընթացքում սովորական 12 լիալուսնի փոխարեն կարող է լինել 13-ը։

Վերջին անգամ «Կապույտ լուսին» էր գրանցվել 2012թ. օգոստոսին։  Հաջորդը սպասվում է 2018թ. հունվարին։