Հայաստանում միջքաղաքային հաղորդակցության ամենատարածված, եթե չասենք՝ միակ միջոցը, ինչպես հայտնի է, ավտոմոբիլային տրանսպորտն է: Չհաշված մի քանի ուղղություններ, ուր կարելի է հասնել նաեւ գնացքով, հանրապետության մյուս բոլոր անկյուններ հասանելի են միայն ավտոմեքենաներին:
Հայտնի է նաեւ, որ ավտոբուսներից եւ երթուղայիններից բացի, տարածված են նաեւ տաքսիները: Իհարկե, եթե միկրոավտոբուսը տաքսիի հետ համեմատելու դեպքում, հարմարավետության առումով ակնհայտորեն շահում է վերջինը: Եթե ուղեւորը պատրաստ է կրկնակի վճարել:
Իրավիճակը դիտարկենք Երեւան-Գյումրի ճանապարհի օրինակով: Երեւան-Գյումրի կամ հակառակ ուղղությամբ ուղեվարձը երթուղայինով 1.500 դրամ է, իսկ տաքսիով՝ 2.500 դրամ: Համապատասխանաբար, երթուղայինով 120 կմ ճանապարհի համար շուրջ 2.5 ժամ է անհրաժեշտ, իսկ տաքսիով՝ շուրջ 1 ժամ 15 րոպե:
Բայց թվացյալ առավելությունները բազմաթիվ թերություններ են թաքցնում իրենց մեջ: Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ նախագածի շրջանակում ճանապարհին շինաշխատանքներ են ընթանում, ավելի ճիշտ՝ նոր ճանապարհ է կառուցվում, այդ պատճառով մայրուղու որոշ հատվածներ կիսով չափ նեղ են, հետեւաբար՝ սահմանափակ է նաեւ արագությունը: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում առավելագույն արագությունը 90 կմ/ժ է: Կարգը պահպանելու համար ճանապարհի որոշ հատվածներում տեսահսկման խցիկներ են տեղադրված: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ 120 կմ-ը մեկ ժամում անցնելու համար վարորդները խախտում են արագության ռեժիմը:
NEWS.am-ի թղթակցի հարցմանը Տրանսպորտի եւ կախի նախարարությունում պատասխանեցին, որ իրենց լիցենզիա են տրամադրում, իսկ մյուս բոլոր հարցերով հարկավոր է դիմել Ճանապարհային ոստիկանությանը: Ակնհայտ է, որ ՃՊ-ն կարող է որեւէ քայլ ձեռնարկել, եթե վարորդը խախտում է արել: Իսկ քանի դեռ չկա խախտում, չկան նաեւ պատասխան տվողներ: Խնդիրը կա, լուծումը՝ ոչ:
Իհարկե, այդպիսի կոպիտ խախտումները ցանկացած պարագայում անթույլատրելի են, սակայն կրկնակի անթույլատրելի են, երբ խոսքը բացարձակապես անծանոթ ուղեւորների առջեւ վարորդի պատասխանատվության մասին է: Հնարավոր է՝ արագության հանդեպ այդպիսի հակումն ավելի շատ «ուղերթերի» հնարավորությունն է, ինչն ավելի շատ շահ կբերի վարորդին եւ նրա գործատուին:




























