«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն գժտվել եւ լուրերն այդ մասին  բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ Արամ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը գժտվել են, քանի որ Տեր-Պետրոսյանին դուր չեն եկել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խոստովանությունները, համաձայն որոնց ինքը տարբեր առիթներով հանդիպում է իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:

Սմբատ Այվազյանի կարծիքով՝ Արամ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գժտության մասին ասեկոսեները «Հայ ազգային կոնգրեսը թուլացնելու հերթական փորձերից մեկն են»: Այվազյանը վստահեցրեց, որ Արամ Սարգսյանն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար հանդիպում են, նույնիսկ պատահում է, որ մեր օրվա ընթացքում մի քանի անգամ:

Այվազյանն անդրադարձավ նաեւ Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը առժամանակ դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը: «Այդ որոշումը Սուրեն Սուրենյանցի վերջին շրջանի ամենախելացի որոշումներից մեկն է: Վերջին շրջանում նրա քայլերը բավականին անհասկանալի էին, եւ նա այդ որոշմամբ կարող է գնահատել իր կատարած քայլերը: Նա մոլորության մեջ է»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Սուրեն Սուրենյանցն ընդհանրապես հեռանա կուսակցությունից, Սմբատ Այվազյանն արձագանքեց. «Ոչինչ բացառել չի կարելի»:

Ի դեպ, Արամ Սարգսյանն այժմ արձակուրդում է եւ բացակայում է հանրապետությունից: