Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած  ողբերգական վթարի դեպքով քննությունը շարունակվում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը դեռ չի կարճվել, դրա շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք:

Առայժմ վթարի պատճառների եւ հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում, քանի որ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները դեռ պատրաստ չեն: Միայն դրանք ստանալուց հետո պարզ կդառնա վթարի ամբողջական պատկերը:

Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետեւանքով 7 երիտասարդ է մահացել՝ 21-ից 24 տարեկան. Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, 24-ամյա Գեւորգ Պողոսյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Բալյանը:

Նշենք, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: Ըստ նախնական վարկածի՝ ավտոմեքենայի առջեւ փորսուղ է դուրս եկել, մեքենան փորձել է շրջանցել կենդանուն եւ բախվել է ծառին: Հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները: