Խորհրդարանական երկփուլ ընտրությունների դրույթը չպետք է հանել Սահմանադրության նոր նախագծից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
«Այնպես չէ, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկը յուրաքանչյուր պետություն պետք է միանշանակ կատարի։ Ես ի սկզբանե ասել եմ, որ երկփուլ ընտրության տարբերակը շատ ճիշտ ձեւ է, որը խուսափենք ճգնաժամերից»,- ասաց նա։
Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությամբ երեք հարց է լուծվում. մարդու իրավունքների իրական արտահայտում, կառավարման համակարգի ընտրություն, դատական իշխանության անկախություն. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կառավարման համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել եւ եզրակացրել, որ ճիշտը խորհրդարանական համակարգն է»։
Նշենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նածագծի 1-15-րդ գլուխները։ Նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։ Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը նախագծի 1-7-րդ եւ 10-րդ գլուխների վերաբերյալ։ Հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանական երկփուլ ընտրության դրույթը պետք է հանել Սահմանադրությունից։




























